Լոս Անջելեսի շրջանի Հանրային առողջապահության վարչությունը հայտնել է, որ Ազգային եղանակային ծառայությունը հոկտեմբերի 2-ից 8-ը ծայրահեղ շոգի նախազգուշացում է հայտարարել շրջանի մի շարք հատվածների համար։

Վարչության հաղորդագրության համաձայն՝ նախազգուշացումը վերաբերում է Կատալինային, Սանտա Քլարիտա հովտին, Մալիբուի ափին, Լոս Անջելեսի շրջանի լողափերին, Պալոս Վերդեսի բլուրներին, Լոս Անջելեսի ներքին ափամերձ գոտուն, Սանտա Մոնիկայի արևմտյան և արևելյան լեռներին, Կալաբասասին և Ագուրա Հիլզին, Սան Ֆերնանդոյի արևմտյան և արևելյան հովիտներին, Սանտա Սուսանա լեռներին և Սան Գաբրիելի հովտին։

Գերատեսչությունը բնակիչներին խորհուրդ է տալիս ամբողջ օրվա ընթացքում շատ ջուր խմել, իսկ դրսում լինելու դեպքում օրը պլանավորել այնպես, որ հնարավոր լինի խուսափել ամենաշոգ ժամերից։ Խորհուրդ է տրվում նաև կրել թեթև, բաց գույնի հագուստ, դնել գլխարկ կամ օգտվել հովանոցից և օգտագործել արևապաշտպան միջոց՝ առնվազն SPF 15-ով։

Եթե տունը շատ է տաքանում, և հնարավոր չէ այն զովացնել, վարչությունը խորհուրդ է տալիս գնալ օդորակվող տարածք կամ սառեցման կենտրոն։ Օդորակիչ չունեցող բնակիչներին նաև հորդորում են, հնարավորության դեպքում, գնալ գրադարան, առևտրի կենտրոն կամ այլ օդորակվող տարածք։

Շրջանի իշխանությունները նաև հորդորում են ուշադրություն դարձնել շոգից առավել խոցելի մարդկանց վրա՝ հիվանդ կամ քրոնիկ խնդիրներ ունեցողներին, տարեցներին, հղիներին, երեխաներին, միայնակ ապրողներին, դրսում աշխատողներին ու մարզիկներին, ինչպես նաև ընտանի կենդանիներին։ Զով վայր գտնելու համար կարելի է զանգահարել 211։