Ինդոնեզիայի իշխանությունները սեպտեմբերի 14-ին ուժեղացրել են Ճավայի ծովում շրջված «Virgo Transport 8» լաստանավի ուղևորների որոնումները, հաղորդում է France 24-ը։ Պարբերականի հրապարակման պահին առնվազն վեց մարդ զոհվել էր, իսկ 129-ը դեռ անհետ կորած էր։
Լաստանավը Սուրաբայայից ուղևորվում էր Բանջարմասին։ Այն շրջվել է վատ եղանակի պայմաններում։ Ըստ հրապարակման՝ նավապետը վտանգի ազդանշան է տվել, երբ նավը սկսել է թեքվել։
Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալության ղեկավարը հայտնել է, որ աշխատանքներում ներգրավվել են նաև ստորջրյա մասնագիտացված խմբեր և անօդաչու սարքեր։ Նախորդ օրը փրկարարներն ու մոտակայքում գտնվող նավերի անձնակազմերը փրկել էին 108 մարդու։
